ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը

Ովքե՞ր են որոշել Տիգրանաշենի ճակատագիրը
18.10.2026 | 11:54


20-րդ դարի 20-ական թվականների խորհրդային քարտեզներով Տիգրանաշենը ՀԽՍՀ կազմում էր: Վերջինիս դե ֆակտո կարգավիճակը փոխվեց 1933 թվականին. Տիգրանաշենը փաստացի անցավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն ղեկավարում էր Աղասի Խանջյանը:
Դե յուրե Տիգրանաշենն անկլավային կարգավիճակ ստացավ 20-րդ դարի 30-ականների վերջին տարիներին: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն ղեկավարում էր Գրիգոր Հարությունյանը (ի դեպ, վերջինս իր ղեկավարման օրոք որոշում էր ընդունել փակել Էջմիածնի Մայր տաճարը և վերացնել կաթողիկոսությունը, սակայն որոշումը չէր հաստատվել ԽՄԿԿ Կենտկոմի կողմից):
1990 թվականի հունվարի 19-ին հայկական զինված ուժերը հսկողություն հաստատեցին Տիգրանաշենի նկատմամբ: Այդ ժամանակ ՀԽՍՀ-ն փաստացի գտնվում էր ՀՀՇ-ի ղեկավարման ներքո:
1992 թվականի մայիսին Հայաստանը վերջնականապես վերահսկողություն հաստատեց Տիգրանաշենի և հարակից տարածքների նկատմամբ։ Այդ ժամանակ Հայաստանը ղեկավարում էր Լևոն Տեր-Պետրոսյանը:
Այսինքն՝ վերջին հարյուրամյակում Տիգրանաշենի ճակատագրի հետ կապված մեծ դեր են խաղացել Աղասի Խանջյանը, Գրիգոր Հարությունյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդ որում, հաշվի առնելով հայկական շահերը, առաջին երկուսի դերը բացասական է, երրորդինը՝ դրական:
Այժմ «Տիգրանաշենի էստաֆետը» փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին: Պարադոքսալն այն է, որ Աղասի Խանջյանն ու Գրիգոր Հարությունյանը Տիգրանաշենը հանձնել են «չորով»՝ առանց որևէ իրավական հիմքի, իսկ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենի ենթադրյալ հանձնումը «հիմնավորում է» Խանջյանի և Հարությունյանի գոյություն չունեցող հիմքերով:
Ավելացնեմ, որ Հայաստանում համապատասխան իրավական ակտերով հավերժացված են Տիգրանաշենն առանց որևէ հիմքի հանձնած Աղասի Խանջյանի և Գրիգոր Հարությունյանի անունները: Մասնավորապես՝ վերջիններիս անուններով Երևանի կենտրոնում փողոցներ կան:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ
Դիտվել է՝ 2084

Մեկնաբանություններ